BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նախագահը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին և ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետին

Նախագահը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին և ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետին
04.10.2016 | 10:26

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին:

Նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս՝ նա հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում:


«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ շատերը կամ այսօր չկան, կամ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ: Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը և վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որ այդ վստահությունն արդարացնի և պատասխանատվությունը կրի պատվով: Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում երկարատև և տքնաջան աշխատանքի համար»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ իր մասնակցությունը, հետաքրքրությունը չի պակասելու պաշտպանության նախարարության և ամբողջ զինված ուժերի հանդեպ:

Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ ավելանալու են պաշտպանության նախարարության հնարավորությունները: Նախագահը վստահություն է հայտնել, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության և իր օգտակար ու կարևոր ներդրումը կունենա մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Պաշտպանունակությունը, նախագահի խոսքով, միայն պաշտպանության նախարարությունը չէ:


Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ևս շատ մեծ պատասխանատվության զգացումով է կատարելու իր պարտականությունները և հաջողություններ է մաղթել նրան:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է նախարար Վիգեն Սարգսյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ նշանակումների կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրն իր ողջ ներուժը կներդնի հայոց բանակի շարունակական զարգացումն ապահովելու համար: Սեյրան Օհանյանը խոսել է իր պաշտոնավարման ընթացքում նախարարությունում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների, ինչպես նաև առաջիկա անելիքների ու գերակա խնդիրների մասին: Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և նախարարության ամբողջ աշխատակազմին համատեղ ծառայության համար:


Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ներկայացնելուց հետո, ըստ նախարարությունում ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը. Պաշտպանության նախկին նախարարը և գլխավոր շտաբի նախկին պետը նախարարին և գլխավոր շտաբի պետին են հանձնել նախարարության խորհրդանիշներն ու շտանդարտը:


Նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար, ընդգծելով, որ իր համար՝ որպես նախագահի քաղաքական թիմակցի, մեծ պատիվ և պատասխանատվություն է պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելը և վստահեցրել է, որ կանի հնարավորը այդ վստահությունն արդարացնելու համար:


ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը ևս շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծելով, որ ջանք չի խնայի շտաբի բոլոր աշխատակիցների հետ միասին իրենց ներդրումը բերելու հայկական զինված ուժերի հզորացման ու մեր երկրի պաշտպանունակության բարձրացման գործին:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ